Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՄԱՐԴԱՍՊԱՆ ԾՆՈՂՆԵՐ

ՄԱՐԴԱՍՊԱՆ ԾՆՈՂՆԵՐ
27.11.2009 | 00:00

Ընթերցողը չկարծի, թե հիմա հերթական մի դատական պատմություն պիտի կարդա երեխայասպան ծնողների մասին։ Ո՛չ, հակառակը, քանի որ ընթերցելուց հետո ձեզնից շատերը կասեն. «Այդ մարդասպանը ե՛ս եմ»։
Բայց նախ` մի հատված Սուրբ Գրքից այս նյութի վերաբերյալ. «Աստված ասաց. «Մեր պատկերով ու նմանությամբ ստեղծենք մարդուն»։ Աստված օրհնեց նրանց և ասաց. «Աճեցե՛ք և բազմացեք ու երկիրը լցրեք ու նրան տիրեցեք» (Ծննդոց 1.26, 28)։
Եվ այսպես, հենման կետ առաջին. մարդը ծննդից ի վեր իր Արարչի պատկերն ու նմանությունն է կրում։
Հենման կետ երկրորդ` Աստծո հրամանը. «Աճեցե՛ք ու բազմացեք»։
Եվ վերջապես երրորդ հենման կետ` Աստծո տասը պատվիրաններից մեկը. «Մի՛ սպանիր»։
Այժմ փորձենք քննել մեր արծարծվող նյութը այս երեք հենման կետերին հիմնվելով, որովհետև երեք հիմնակետ ունեցող կառույցը հաստատուն է մնում փորձությունների ժամանակ։
Աստվածաշունչը Ծննդոց գրքի հենց սկզբում մեզ տեղեկացնում է. «Ադամը պառկեց իր կին Եվայի հետ, սա հղացավ, ու Կայենին ծնեց, և ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զորությամբ»։ Եվ դարձյալ նրա Աբել եղբայրը ծնվեց» (Ծննդոց 3.1,2)։
Գրվածքից տեղեկացանք, որ մեր նախածնողները կատարեցին Տիրոջ հրամանը և աճեցին, բազմացան և Աստծո պատկերով ու նմանությամբ մարդ ստացան Արարչից։
Այս տողերը կարդալուց հետո շատերը կմտածեն, որ իրենք կատարել են Աստծո հրամանը և բազմացել են, այսինքն` երեխաներ են ծնել։ Անշուշտ գովելի է, որ մարդը, ընտանիք կազմելով ու երեխաներ ունենալով, իր երկրային կյանքի նպատակն է կատարում։
Հիմա անցնենք երրորդ հենակետին. «Մի՛ սպանիր»։ Նորից Ծննդոց գլխում շարունակում ենք կարդալ. «Կայենն Աբել եղբոր հետ խոսեց, ու եղավ որ երբ նրանք դաշտում էին, Կայենն իր Աբել եղբոր վրա հարձակվեց ու սպանեց նրան։ Եվ Տերը Կայենին ասաց. «Ո՞Ւր է քո եղբայր Աբելը»։ Եվ նա ասաց. «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահապանն եմ»։ Աստված ասաց նրան. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է Ինձ։ Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը եղբորդ՝ քո ձեռքով թափած արյունն ընդունելու համար»։
Այս տողերը կարդալուց հետո շատերը նորից հանգիստ հոգոց հանելով կասեն. «Ես այս մեղքից էլ եմ անպարտ ու ոչ ոքի չեմ սպանել»։ Բայց հիմա ուշադիր լսիր, ով հայորդի բարեկամս, քանի որ այս գրվածքի ամբողջ նպատակն այն է, որ մեր խանձված խղճի ձայնին չխաբվենք, այլ ճշմարտությունն իմանանք։
Շատերը պետք է իրենք իրենց արդարացնեն, ասելով` նույնիսկ հավ էլ չենք մորթել։ Գուցե և ճիշտ են, չնայած կենդանիներ մորթելը, ըստ Աստծո խոսքի, մեղք չէ, որովհետև նրանք ստեղծված են մարդկանց անհրաժեշտ (և ոչ թե հաճույքներից կամ գազանական մոլուցքից ծնված) կարիքների համար (միս, կաշի, մորթի և այլն)։
Բայց ահա շատ կարևոր ու նրբագույն մի հարցում մարդկության մեծագույն մասը սայթաքում է և Աստծո առաջ մեղսագործ դառնում, ու դրա պատճառով նա երկնային Արդար Դատաստանի ժամանակ հանկարծ պետք է հասկանա, որ ինքն իր երկրային կյանքում ոճրագործ, մարդասպան հանցագործ է եղել Տիրոջ առաջ, քանի որ «Մի՛ սպանիր» պատվիրանն է խախտել, այն էլ` սեփական երեխաները սպանելով։ Եվ այդ «անմեղ» արարքի անունը կոչվում է հղիության բռնի դադարեցում՝ աբորտ. մարդկային քարացած սրտի լուռ օրինականացված մի ոճիր։ ՈՒ, դժբախտաբար, կանանց որովայնը, որ ստեղծված է կյանքի շարունակության համար, այժմ միլիարդավորների մոտ դարձել է սեփական երեխաների սպանդանոց։
Աբորտ բառն անգլերեն է, ինչը թարգմանվում է` չհաջողված, չհասունացած, տհաս ծնունդ, վիժում։ Բայց մոլորված մարդկությունը, խաբելով ինքն իրեն, մայրական որովայնում առողջ, կենդանի ու կենսունակ անմեղ մանուկներ է սպանում, ու ինքն իրեն արդար է համարում։
Մինչդեռ դա անմեղ արարք չէ. անմեղ մանուկներ կոտորելն աշխարհում ամենատարածված ու զազրելի մեղքն է, և Տիրոջ աչքի առաջ համարվում է մարդասպանություն։ Երբ Աստված պատվիրեց՝ «Մի՛ սպանիր», ապա նկատի ուներ նաև դեռ չծնված, բայց արդեն կյանք ստացած մանուկներին սպանելը նույնպես, որովհետև, ըստ սուրբ հայրերի մեկնաբանության, կյանքը մարդուն մոր որովայնում տրվում է սաղմնավորումից անմիջապես հետո։ Այդ է ապացուցում նաև Աստվածաշունչը։ Դավիթ մարգարեն, դիմելով Արարչին այդ մասին, սաղմոսում է.
«Քեզ համար գաղտնիք չէր իմ կազմությունը,
երբ տակավին ես նո՜ր էի սկիզբ առնում,
մարդկանցից ծածուկ՝ խնամքով
կազմավորվում էի մորս որովայնի մեջ։
Քո աչքերը տեսան ինձ՝
երբ դեռ նույնիսկ կազմավորված չէի.
և ինձ տրված կյանքի բոլոր օրերը
Քո գրքի մեջ գրված էին՝
նույնիսկ դեռ սկիզբ չառած»։
(Սաղմոս 139. 15-16)
(Սաղմոսից մեջբերումը՝ աշխարհաբար նոր թարգմանությունից, Անթիլիաս, 2002, )
Ասենք ավելին։ Երեմիայի մարգարեության մեջ այսպես է գրված. «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ Ես քեզ ընտրեցի, և դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ» (Երեմիա 1.4)։
Կարդացի՞ք ինչ է գրված Սուրբ Գրքում` ձեզ անմեղ համարող «մայրեր և հայրեր»։ Մինչդեռ ծննդյան իրական ու լիիրավ կյանք կա մայրական արգանդում, որին մենք ինքնակամ, դաժանաբար արգելում ենք տգիտորեն։
Այս հոդվածը գրելուց առաջ փաստագրական մի ֆիլմ եմ նայել, որը կոչվում էր «Համր ճիչ»։ Շատ ազդվեցի, մինչև իսկ արցունքոտվելու աստիճան։ Ամերիկացի բժիշկ-գիտնական Բեռնարդ Նաթանսոնը կարողացել է ժամանակակից տեխնիկական հնարքներով նկարահանել մարդկային սաղմնավորման ակունքները։ Այդ ֆիլմի ցուցադրումից հետո բազմաթիվ մասնագետ-բժիշկներ կամովին հրաժարվել են իրենց եկամտաբեր գործից՝ աբորտներ իրագործելուց, քանի որ այն, ինչ իրենց իսկ աչքերով տեսան էկրանի վրա, վերջապես արթնացրեց նրանց բթացած-քարացած խիղճը։
Ֆիլմը սկսվում է 12-շաբաթյա, այսինքն` երեք ամսական էմբրիոնային վիճակում գտնվող երեխայի ուլտրաձայնային պատկերի ցուցադրումով։ Ահա երեխան ձեռքը բերանն է տանում, ահա գլուխը, մարմինը, իսկ մոտիկից ցուցադրումից նաև աչուկներն ու քթիկն են երևում, քիչ հետո ներքևում շարժվող տոտիկները, և այդ ամենի մեջտեղում հստակ երևում է նրա բաբախող սրտիկը՝ 140 կծկում րոպեում։
Բայց ահա էկրանի վրա խոշոր պլանով մի չարագուշակ ժամանակակից սարքավորում է երևում՝ «Վակուում-կյուրետ» անունով, որի ռետինե փողրակը միացած է վայրկյանում 55 մմ սնդիկի սյան ճնշումով ներս քաշող էլեկտրապոմպին։
Ահա այդ չարագուշակ սարքը թունավոր սարդի նման իր շոշափուկը մոտեցնում է երեխային։ Նա կարծես սարսափից համր ճիչ է արձակում, լայն բացված բերանով։ Ճիչ, որը քարացած սրտով մարդն ի զորու չէ հասկանալու, այլ միայն մարդասեր Արարիչը, Որն այդ մանկիկին կյանք է շնորհել։
Բժշկական սարքերն արձանագրում են նրա սրտի առավել արագ բաբախումը, իսկ տոտիկներն ավելի հաճախ են շարժվում, փորձելով փախչել այդ մահուսարսափ բերող գործիքից. բայց ո՞ւր կարող էր փախչել խեղճ մանկիկն իր մայրական որովայնից, որը կառափնարանի էր վերածվել իր համար։ Ահա չափող սարքը ցույց է տալիս, որ սրտի բաբախը հասնում է 200-ի. դեռ լույս աշխարհ չեկած երեխան ապրում է իր մահվան օրհասը։ «Մայրական» թաղանթը պատռվում է ու պտղաջրերը դուրս են հոսում։ Չարագուշակ սարքի պոմպը սկսում է դեպի իրեն ձգել-քաշել անօգնական մանկիկի մարմինը, ու նախ` պոկում է դեռ նոր ձևավորվող թույլ տոտիկները, հետո մարմնի ջլատված մասերը։ Վերջում մնում է գլուխը, նախ` ճզմվում է, ապա դուրս քաշվում «սիրելի մոր» արգանդից ու աղբարկղ գցվում, որտեղ իր նման տասնյակ մանկիկների աղճատված մարմիններ են կիտված։ Վերջ, գործը կատարվեց, անցանկալի երեխայից ազատվեց «մայրը», հիմա վճարիր «բժիշկ-մարդասպանին», թեթևացած որովայնով, բայց ծանրաբեռնված մեղքերով գնա ու նորից հեշտանքի անկողին մտիր, սեռական ցանկություններիդ հագուրդ տալով հաջորդ մահապարտին հղիացիր, մինչև... Իսկ հետո-ի մասին մտածե՞լ եք, ով մարդիկ, որովհետև այդ «հետոն» է սարսափելի։ Երբ գա այդ «հետոն», այսինքն` մեր արարքների պատասխանի օրը, ո՞ւր պիտի թաքնվենք Աստծո արդար բարկությունից։ Ինչպես փոքրիկդ քո որովայնում փախչելու տեղ չուներ, ու սարսափից համր ճիչ էր արձակում, այդպես դու պետք է սարսափից համրանաս, ու նույնիսկ ճիչ չկարողանաս արձակել, երբ երկնքում, Աստծո ատյանի առաջ տեսնես քո իսկ սպանած երեխային ու ճանաչես նրան, բայց կենդանի և հանդիմանական հայացքով, որ դու արգելեցիր ապրելու, որպես դատարանի կենդանի ապացույց ու վկա քո ոճրագործ հանցանքների։
Իհարկե, շատ ծնողներ հիմա կասեն, որ այդ քայլին գնում են, որովհետև հազար ու մի հարցեր կան` կապված նյութականի, առողջականի, չքավորության հետ։ Այո՛, դրանք բոլորը կենցաղային հարցեր են, հոգևորի հետ համեմատած։ Շատերն են համոզվել իրենց փորձով, որ երբ նրանք Աստծո վախից առաջնորդված մի կողմ են դրել այդ հարցերը, հետագա ամբողջ կյանքում համոզվել են, որ Աստված Ինքն է հոգացել այդ երեխայի համար։ Ինչպես որ ժողովուրդն է ասում. «Երեխան իր ղսմաթի հետ է ծնվում»։
Մի՞թե կյանք պարգևող Աստված չի կարող օգնել այդ երեխային ոտքի կանգնեցնելուն. միայն թե հավատանք ու հուսանք Աստծուն, և մեղքին չհոժարենք։ Նաև ապագա ընտանիք կազմող անտեղյակ երիտասարդներին տեղեկացնենք, որ, ըստ Աստվածաշնչի, մայրական արգանդը բացող առաջին ծնունդը մեծ օրհնությունների է արժանանում Աստծո կողմից, և նույնիսկ Իսրայելի օրենքով նա ժառանգության կրկնակի բաժին է ստանում։ Թե ինչու է այդպես, մենք չգիտենք, բայց մի բան է պարզ, որ երբ ամուսնացող զույգերը գնում են եկեղեցի և պսակադրության արարողությամբ օրհնվում են, ու դրանից հետո ամուսնական առագաստ մտնելով` կինը հղիանում է, երեխան արդեն ինքնին օրհնության արդյունք է լինում։ Բայց շատ անմիտ երիտասարդ ամուսիններ էլի կենցաղային, կամ, բացեիբաց, ճիշտն ասենք, իրենց երիտասարդական անհագուրդ ցանկություններն առանց երեխա ունենալու հոգսերի բավարարելու համար, տգիտաբար ընդհատում են հենց առաջին հղիությունը և աբորտ անելով` շարունակում են իրենց հաճույքները։ Բայց երբ արդեն ուզում են երեխա ունենալ, ապա տեսնում են, որ այլևս չի ստացվում, քանի որ Աստված փակել է արգանդը, քանի որ նրանք մերժեցին Իր տված առաջին նվերը։ Սրանք հենց այնպես, մտացածին խոսքեր չեն, այլ իրական փաստեր և բժշկագիտությամբ հաստատված ճշմարտություն։
Աբորտը հաճույք է պատճառում սատանային, որովհետև նրան պետք է զոհաբերություն, որպեսզի իշխանություն ձեռք բերի։ Այդ պատճառով աբորտի ոճրագործությունը կատարվում է ամեն օր և ամենուր։ ՈՒ շատերը չեն հասկանում, որ դա ինքնակամ պաշտամունք է սատանային, որով նրան զորություն են տալիս։ Սատանան արյան ծարավի է, ու նա այդ ստանում է անմեղ մանուկների միջոցով, ինչպես հեթանոսական ժամանակներում էին սեփական երեխաներին Մողոքի կուռքին զոհաբերում, որը երկաթե մի արձան էր, ձեռքի ափերն առաջ պարզած։ Արձանի մեջ դատարկ է, որտեղ կրակ էին վառում, մինչև երկաթը կաս-կարմիր շիկանում էր, ու դրանից հետո հեթանոսներն իրենց մերկ երեխաներին բերում դնում էին այդ շիկացած ափերի մեջ ու ողջակեզ անում իրենց ճչացող մանուկներին։
Սարսափեցի՞ք շատերդ այս քստմնելի տողերը կարդալուց, ուրեմն` լավ իմացեք, որ ձեր արած աբորտներն այդ նույն խորհուրդն են կրում։ Ավելացնելու բան չկա այլևս, այսքանը բավարար է մեր արածների հոգևոր կողմը հասկանալու համար։ Մնացածը ձեր խղճի ու Աստծո առաջ թող լինի ձեր պատասխանը։ Նաև այդ կանանց ամուսինները, կամ այդ արարքին դրդող ու ինչ-որ կերպ մասնակից եղողները նույնպես պատասխան ունեն տալու Աստծուն, քանզի նրանք սրտով համաձայնություն են տվել այդ մեղսագործությանը։ Այդպես էլ գրված է Սուրբ Գրքում. «Նրանք գիտեին Աստծո արդար դատաստանը, թե այդպիսի բաներ գործողները մահվան են արժանի, և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, ովքեր գործողներին կամակից են լինում» (Հռոմեացիներին 1.32)։
Նորից հիշենք ու չմոռանանք երբեք, որ մարդը դեռ մոր որովայնում, Աստծո հոգին ստանալով, Նրա պատկերն ու նմանությունն է կրում արդեն։
Իսկ այս գրվածքի վերջում, նրանց համար, որոնց խիղճն արթնացավ թմբիրից, ու հիշեցին, որ իրենք էլ անմասն են այդ զոհաբերությունից, թող իմանան, որ մարդասեր Աստված մինչև հիմա կյանք է շնորհել, որ ժամանակ ունենան ապաշխարելու և զղջումով ու խոստովանությամբ մաքրվելու այդ մեղքերից` չկրկնելու պայմանով։
Եվ մեղքերի թողության համար Աստված Իր Եկեղեցին է հաստատել ու Իր քահանաներին իշխանություն է տվել մեր մեղքերին արձակում տալու, եթե խոստովանությունը զղջումով է և սրտից բխած։
ՈՒրեմն խորագետ լինենք ու օգտվենք Տիրոջ ընձեռած այդ մեծ ողորմությունից, քանի դեռ չի եկել մեր արարքների արդար հատուցման օրը։

Հ. Գ. -Այս հոդվածը գուցե և չգրվեր, եթե օրեր առաջ հեռուստաեթերից առողջապահության նախարարության ոմն ներկայացուցչուհի, «ղասաբի» սառն անտարբերությամբ, չտեղեկացներ, թե Հայաստանում օրենքով թույլատրվում է մինչև 12 շաբաթ (այսինքն` մոտ 80 օր) հղիությունը դադարեցնել օրինական կարգով մուծումներ անելուց հետո, իսկ ավելիի դեպքում, միայն բժշկական զննումներից հետո, եթե մայրական կյանքին վտանգ է սպառնում։
Եթե առանց խելամտության շարժվենք ու Աստծուն հակառակ գնանք, ի՞նչ է մեզ սպասում. այն, ինչ Կայենին. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է Ինձ։ Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը եղբորդ՝ քո ձեռքով թափած արյունն ընդունելու համար»։
ՈՒ քանի որ Աստծո և հոգիների վերաբերյալ հարցը, նախ, Հայոց առաքելական եկեղեցու իրավասությունն է, սպասենք այդ պատասխանին ևս։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2184

Մեկնաբանություններ